Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վերջին մեղավորը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը

Վերջին մեղավորը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը
18.06.2015 | 11:02

Ի՞նչ առաքելություն ունեն սահմանադրական փոփոխությունները Հայաստանում: Ինչո՞ւ աստիճանաբար հարցի իրավական կողմն ու իրավական արժեքը նահանջեցին և հիմնականը դարձավ քաղաքականը: Պետական կառավարման համակարգի փոփոխության հետևանքներին զուգահեռ օրինակներ Հայաստանին տալիս են հարևանները՝ Վրաստանը և Թուրքիան: Վրաստանում խորհրդարանական կառավարում է և իշխանությունը վարչապետի ձեռքում է: Արդյունքում ստացվել է հակամարտող եռանկյունի՝ իշխանությունից հեռացած, բայց համընդհանուր գնահատականով՝ ստվերային վարչապետ Բիձինա Իվանիշվիլու, գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու և նախագահ Գեորգի Մարգվիլաշվիլու հակասությունների տեսքով: Հազիվ թե այդ հակասությունների հիմքում միջանձնային չստացվող հարաբերություններն են, հակառակը՝ լավ հարաբերությունները փչացնում են իշխանությունը բաժանել չկարողանալը և միմյանց իշխանությունը սահմանափակելով՝ սեփականը ավելացնելու ձգտումը: Եվ նախագահը, և վարչապետը Սահմանադրությամբ տրված բոլոր հնարավորությունները օգտագործում են` հաստատելու իրենց կարևորությունը: Կառավարության կազմի հաճախակի փոփոխությունները, տնտեսական անորոշ վիճակը, Ռուսաստանի հետ չկարգավորվող հարաբերությունները, ԵՄ ասոցացման գործընթացի դանդաղումը՝ սրանք խնդիրներ են, որ կապ չունեն պետական կառավարման մոդելի հետ, բայց որոնց լուծումը դժվարանում է գործող մոդելով: Այնուամենայնիվ, Վրաստանը մոդելի փոփոխության խնդիր չի դնում: Թուրքիայում ևս խորհրդարանական կառավարում է, բայց նախկին վարչապետ, ներկա նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը խնդիր էր դրել փոխել կառավարման համակարգը և փաստացի անցնել նախագահական կառավարման, խորհրդարանական ընտրություններով նրա նախագիծը կասեցվեց: Թուրք ընտրողը դեմ քվեարկեց նախագահական մենիշխանության հաստատման հնարավորությանը, և Թուրքիայում ստեղծվեց կառավարական ճգնաժամ՝ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իշխող կուսակցությունը չհավաքեց բացարձակ մեծամասնություն ու խորհրդարան մտած չորս ուժերը կոալիցիա կազմելու, թե ընդդիմություն ձևավորելու երկընտրանքի մեջ չեն կողմնորոշվում: Վերանալով կոնկրետ անձերից ու նրանց կոնկրետ հավակնություններից, քաղաքական խնդիրներից՝ մեր աչքի առաջ խորհրդարանական կառավարման մոդելն է գործողության մեջ, իրավականորեն ստեղծված երկու իրավիճակներ, որ երևան են բերում կառավարման այդ մոդելի վտանգներն ու հնարավորությունները:

Սպառնո՞ւմ է այդ վիճակը Հայաստանին: Վրաստանում ու Թուրքիայում ընտրությունների որակը և Հայաստանում ընտրությունների որակը տարբեր են, այնտեղ ընտրությունների արդյունքները ոչ ոք չի կարող կանխատեսել, Հայաստանում արդյունքները հայտնի են ընտրություններից առաջ: Այդ մակարդակում հարևան երկրներում ստեղծված իրավիճակները մեզ չեն սպառնում, մեզ սպառնում է շատ ավելի մեծ վտանգ՝ բացարձակ դեգրադացիան, որի շրջանակներում սահմանադրական բարեփոխումները վերածվում են ոչ թե պետական կառավարման մոդելի ընտրության, այլ իշխանության և քաղաքական համակարգի ձևավորման պայմանավորվածության:
Կուսակցություններում քննարկումները, միջկուսակցական խորհրդակցությունները, շփումները իշխանության հետ, նոր կուսակցությունների ձևավորումը, արտաքին ներգործության տարբերակները (այդ թվում՝ արտաքին ներհակ ներգործության՝ մի կողմից` Ռուսաստանի, մյուս կողմից՝ Արևմուտքի), բոլոր այդ հաշվարկները բացարձակապես անտեսում են Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությունը, համաձայն որի՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ժողովուրդը իր իշխանությունը գործադրում է ընտրությունների միջոցով: Որքանո՞վ է ճիշտ հերթական ընտրական ցիկլից առաջ նորից ժողովրդին «հաշվարկից» դուրս թողնելը: Չարաբաստիկ հինգ ու տասը հազարով ձայն գնելը նորից ձևավորելու է լեգիտիմության պակաս և դրսից կառավարելիության բարձր աստիճանով իշխանություն՝ նախագահական, թե խորհրդարանական կլինի կառավարման մոդելը, մնալու է խոցելի ու անկախությունը վտանգող, ինչի ականատեսն ենք բոլորս: Սա է գլխավոր հարցը, ոչ թե նոր կուսակցություններ կստեղծվե՞ն և ո՞վ կլինի այդ կուսակցությունների կնքահայրը՝ Ռուսաստա՞նը, Արևմո՞ւտքը, Հայաստանի՞ տարածքում, թե՞ Հայաստանից դուրս գործող մարդիկ, որ Հայաստանում ունեն բիզնես, և ուրեմն՝ քաղաքական շահեր: Ընտրողին ընտրությունից դուրս թողնելու հետևանքները ազդում են ժողովրդագրական վիճակի, տնտեսության, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա և ստանում ենք ինչ ունենք:
Կստեղծվե՞ն նոր կուսակցություններ, թե՞ ոչ, ստեղծվածները և ստեղծվելիքները, միևնույն է, գործում ու գործելու են նույն համակարգում, և, ուրեմն, սպասարկելու են համակարգի շահերը՝ ստանալով իրենց շահաբաժինը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Սահմանադրության փոփոխության խնդիրը պատահաբար չի վերածվում ապագա խորհրդարանի կազմի քննարկման: Եվ առայժմ մենք բոլորս համաձայն ենք իրադարձությունների այդ ընթացքին, որի հետևանքներն են «Գազպրոմին», ՀԷՑ-երին, ռուսական կոնցեսիոն կառավարման հանձնված հայկական երկաթուղուն, «Նաիրիտին» վերաբերող, պարբերաբար ծագող սկանդալները, որոնք անխտիր ավարտվում են Հայաստանի Հանրապետության սեփականության կորստով, գների բարձրացումով, գործազրկությամբ, սնանկացմամբ: Բոլոր այդ գործընթացների վերջին մեղավորը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն է:

Դիտվել է՝ 1789

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ